Սեպտեմբերի 19-ին Կոստա Ռիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն (նստավայրը` Մեխիկո) իր հավատարմագրերը հանձնեց Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հվատարմագրերի հանձման արարողության ավարտին տեղի ունեցավ առանձնազրույց, որի ընթացքում դեսպան Հովհաննիսյանը Կոստա Ռիկայի նախագահին եւ ժողովրդին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները:
Իր հերթին նախագահ Սոլիսը, գոհունակություն հայտնելով Կոստա Ռիկայում առաջին անգամ Հայաստանի դեսպանի հավատարմագրման փաստի վերաբերյալ, դեսպան Հովհաննիսյանին մաղթեց հաջողություն առաջիկա աշխատանքներում եւ հույս հայտնեց, որ այն խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես՝ տնտեսական, գիտակրթական եւ մշակութային բնագավառներում:
Նախօրեին դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց Կոստա Ռիկայի Արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարարի տեղակալ Ալեխանդրո Սոլանո Օրտիսին: Արարողությունից հետո տեղի ունեցած հանդիպման ընթացքում փոխնախարարը ընդգծեց, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` 2012թ. աշնանը կայացած այցը եւ երկու երկրների արտգործնախարարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք հաղորդեցին երկկողմ հարաբերություններին:




























