Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով կալանավորված ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբան Էլչին Գամբարովին նախօրեին թույլատրել են հանդիպել իր պաշտպանյալի հետ:
Ըստ contact.az-ի՝ հանդիպումից հետո փաստաբանը լրագրողներին պատմել է, որ իրավապաշտպանի վիճակը ծանր է: «Նա ուժեղ գլխացավեր ունի, դժվարությամբ է խոսում՝ տեւական դադարներով եւ տառապում է հիշողության մասնակի կորստով:
Նա պատմել է, որ մայոր Յագուբովը երկու անգամ ուժեղ հարվածել է իր գլխին: Դրանից հետո նա շատ բան չի հիշում, իսկ գլխացավերն անընդհատ ուժեղանում են: Հավանաբար, գլխին հեմատոմա կա: Հարկ է նշել, որ համեմատաբար վերջերս նա վիրահատել էր աչքերը, եւ գլխի ուժեղ հարվածները կարող են կուրացման պատճառ դառնալ», - ասել է փաստաբանը «Ազադլըղ» ռադիոյին:
Հիշեցնենք, ավելի վաղ Յունուսի հինգ փաստաբանները հայտնել էին, որ նա դաժան ծեծի է ենթարկվել բանտի աշխատակցի կողմից, ով նրան մազերից բռնած քարշ էր տվել հատակին եւ հարվածել գլխին ու երիկամներին: Հաջորդ օրը Բանտային ծառայությունը հերքել էր այս լուրը:
Լեյլա Յունուսն ու նրա ամուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են Հայաստանի օգտին լրտեսության մեջ: Նա կալանավորվել էր հուլիսի 30-ին, իսկ ամուսինը՝ օրեր անց:
Նրանց կալանավորման իրական պատճառը Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին տեղեկատվության հրապարակումն ու իշխանությունների կոռուպցիոն եւ այլ հանցագործությունների բացահայտումն էր:




























