Եվրասիական տնտեսական միությանը միանալու համար Հայաստանը պետք է վերաբանակցի Ռուսաստանի հետ, քանի որ սանկցիաների մեջ գտնվող երկրի հետ պայմանագիր ստորագրելը կնշանակի «ընկերովի մահ»: Այսօր` սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հույս հայտնեց, որ այդ պայմանագիրը երբեք չի ստորագրվի:

«Մեր պաշտոնյաներն ասում են, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ չի տեղադրվելու, բայց զարգացումն այլ բան է ցույց տալիս: Ես ասում եմ` սկզբում մաքսակետ, հետո սահման, հետո ռուսական զորքեր: Դա կբերի Ցեղասպանության: Սա լավ առիթ է, որ մենք վերանայենք մեր կարծիքը եւ մեր գործընկերներին ասենք, որ պետք է վերանայել, մենք դեմ ենք դրան: Եթե նման պայման դրվի, ապա մենք էլ պետք է առաջարկենք, որ Ռուսաստանի եւ Ղրիմի միջեւ էլ մաքսակետ տեղադրվի: Այս պահին կա հնարավորություն` վերաբանակցելու: Մեկ տարի առաջ մենք նորմալ Ռուսաստանի հետ էինք բանակցում, այսօր Ռուսաստանը սանկցիաների տակ է, միայնակ է մնացել:

Մենք ուզում ենք ընկերովի մահվան գնալ, բայց իրականում պետք է ընկերովի հարսանիքի գնալ»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին նախատեսվում է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումը: