Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է Հայաստանի հետ սահմանին մաքսային կետ սահմանել՝ որպես ինքնիշխան պետության ատրիբուտ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալուց հետո նման կետի հնարավոր տեղադրմանը:

Նա ընդգծեց, որ կողմ է ԼՂՀ-ի ու Հայաստանի սահմանին մաքսային կետի տեղադրմանը, որքան էլ դա տարօրինակ հնչի: «Այդ մաքսային կետը Հայաստանի դեպքում կարող է աշխատել մի ռեժիմով, մեկ այլ երկրի դեպքում՝ կատարելապես այլ: Ուստի այստեղ ես ոչ մի վտանգ չեմ տեսնում», - հստակեցրեց Մանասյանը: Նրա խոսքով՝ այսօր մաքսային տեղը կտեղադրվի Հայաստանի հետ սահմանին, վաղն այդ կետը կարող է տեղադրվել Ադրբեջանի եւ Իրանի հետ սահմանին: «Մենք Լեռնային Ղարաբաղի հետ գտնվում ենք միասնական տնտեսական հարաբերությունների դաշտում, ուստի ես կարծում եմ, որ այդ կետը չի կարող հանգեցնել որեւէ բացասական հետեւանքի», -եզրափակեց քաղաքագետը: