Բուդապեշտում գտել են Վոլֆգանգ Ամադեյ Մոցարտի 11-րդ սոնատի ձեռագիր նոտագրության բնօրինակը, որն ավելի քան 200 տարի անհետացած էր համարվում:

Փաստաթղթի 4 էջերը պատահաբար հայտնաբերել է գրադարանավարը Սեչենիի անվան Ազգային գրադարանի գրապահոցում: Ձեռագրի 5-րդ էջը պահվում է Զալցբուրգում Մոցարտի թանգարանում:

11-րդ սոնատը լյա մաժոր տոնայնությունում, որի երրորդ մասը հայտնի է նաեւ «Թուրքական քայլերթ» անվամբ, համարվում է մեծ կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը, հաղորդում է «Vesti.ru»-ն:

«երբ գտա ձեռագիրը, ինձ թվաց, որ ձեռագիրը նման է Մոցարտի ձեռագրին: Ես հստակ ինչ-որ բան չէի որոնում, պարզապես աչքի ընկավ, երբ արխիվն էի կարգավորում»,- պատմել է մայրաքաղաքի գրադարանի երաժշտական հատվածի տնօրեն Բալաշ Միկուշին, ով գտել էր նոտագրությունը:                                         

Փորձագետներն արդեն ուսումնասիրել են գտածոն եւ հաստատել իսկությունը: Մասնագետները նաեւ նշել են, որ այն աննշան տարբերվում է ստեղծագործության տարածված օրինակներից, քանի որ ուղղումներ եւ նշաններ է պարունակում, որոնք ինքը Մոցարտն է կատարել:

Այժմ հազվագյուտ թղթերը կուղարկվեն Զալցբուրգ, որտեղ իրենց արժանի տեղը կգտնեն:

Մոցարտը «Թուրքական քայլերթը» գրել է 1783թ.-ին որպես դաշնամուրի համար «լյա մաժոր» տոնայնությունում 11-րդ սոնատի հատված: Սակայն երբ ստեղծագործությունը լույս է ընծայվել, առաջին երկու հատվածներն արագ մոռացվել, իսկ երրորդը հայտնի է դարձել: