Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում սեպտեմբերի 4-ին տեղացած կարկուտի հետեւանքով վնասված մեքենաների համար կառավարությունը գումար չի հատկացնելու, չնայած վնասներն ահռելի մեծ են: Այս մասին NEWS.am-ին ասաց Ճամբարակ համայնքի ղեկավար Յուրիկ Ավալյանը:
«Բավականին շատ մեքենա է վնասվել, ավելի քան 150-ը, իսկ երբ տարել են մասնագետի մոտ, առնվազն 2000 դոլարի չափ գումար է պետք վերանորոգելու համար: Մենք ճիշտն ասած առաջնային համարեցինք շենքերի տանիքների հարցը, դրա համար կառավարությանը հենց այդ խնդրով դիմեցինք»,- ասաց համայնքի ղեկավարը:
Ավալյանի խոսքով՝ անցած շաբաթ կառավարությունը մարզպետարանին գումար է հատկացրել 800 տան եւ 13 բազմաբնակարան շենքի տանիքները փոխելու համար. «Ազբոշիֆերներ չեն տալու, այլ մետաղական թիթեղներ, մենք էլ խնդրել ենք, որ արագացնեն, քանի որ անձրեւների սեզոնը սկսվել է, բայց կան մարդիկ, ովքեր չեն սպասել այս օգնությանն ու ինքնուրույն փոխել են արդեն տանիքները:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Ճամբարակ համայնքի ղեկավար Յուրիկ Ավալյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին ժամը 15.30-ի սահմանում մոտ կես ժամ ձվի մեծության կարկուտ է տեղացել:
«Վնասվել են համայնքի գրեթե բոլոր տեսակի ազբոշիֆերները, կարկուտի հատիկները ուղղակի ծակել, անցել են շիֆերների միջով, ապակիներ են կոտրվել, վնասվել են մեքենաներ. մի խոսքով, ինչի կարողացել ա, կարկուտը վնաս ա հասցրել, անհավանական մեծության էր հասնում, տենց բան չէինք տեսել»,- ասել է նա:




























