Հայաստանի խորհրդարանում շարունակվում են քննարկումները «Լեզվի մասին» եւ «Ընդհանուր կրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  վերաբերյալ, որոնք նախատեսում են բազային կրթությամբ դպրոցների ստեղծում:
Ելույթ ունենալով ՀՅ Դաշնակցության անունից՝ Վահան Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտարարել է, թե Հայաստանում կրթությունը մոդայիկ չէ, եւ օտարալեզու էլիտար դպրոցների ստեղծումը նշանակություն չունի: «Ենթադրենք, որ այդ դպրոցները ստեղծվեն Հայաստանում, կլինեն առաջին շրջանավարտները գերազանց գիտելիքներով, որտեղ են նրանք աշխատելու, ախր Հայաստանում աշխատանքի ընդունելիս գերակա են ոչ թե հավակնորդի գիտելիքներն ու կրթությունը»,- նկատել է Հովհաննիսյանը: Նա նաեւ ընդգծել է, թե Հայաստանում հարգանք են վայելում նրանք, ովքեր հաստ վզեր, քրեական հեղինակություն վայելող ընկերներ, շատ փող եւ զենք ունեն, այլ ոչ թե գիտելիք:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե այսօր օրինագծերի դեմ սադրանքներ են իրականացնում նրանք, ովքեր ժամանակին ցույցեր էին անում «Նաիրիտի», հայկական ատոմակայանի փակման համար: Նա  նաեւ նշել է, թե համաձայն փոփոխությունների, նախատեսվում է բազային օտարալեզու կրթությամբ 2 մասնավոր դպրոց բացել՝ 7-րդ դասարանից, եւ 9 դպրոց միջպետական պայմանագրերի հիման վրա՝ 9-րդ դասարանից: Երկու մասնավոր դպրոցները բացվելու են Ջերմուկում եւ Դիլիջանում, եւ արժենալու են 50-60 մլն եվրո: Ընդ որում, Սահակյանը նշել է, թե այդ դպրոցները չպետք է հարուստների համար լինեն, եւ պետք է սոցիալական փաթեթներ լինեն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարել է, թե իրենց դիրքորոշումը կախված է լինելու խմբակցության ներկայացուցիչների ելույթներից, նաե կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ելույթից: «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է արտահայտվել, իսկ «Օրինաց երկիրը» հայտնել է իր չեզոքության մասին:

Իր ամփոփիչ ելույթում Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե ընդհանուր առմամբ քննարկումները նման էին ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հավանաբար այն պատճառով, որ խորհրդարանի շենքի առջեւ բողոքի գորոծղություն էր ընթանում, որի մասնակիցները սուլում, բղավում, խաղալիքներով փորձում էին խանգարել քննարկումների ընթացքը:  Նախարարը կոչ է արել առաջին ընթերցմամբ կողմ քվեարկել փաստաթղթին եւ ներկայացնել առաջարկություններ երկրորդ ընթերցման համար: