Հայաստանը պետք է հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից, անկախ այն  հանգամանքից, թե ինչ կանի դրանց հետ Թուրքիան՝ այս մասին հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՅԴ Հայ  դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Նա նաեւ ընդգծեց, որ որքան Հայաստանը շարունակում է մնալ գործընթացում, այնքան ժամանակն աշխատում է իր դեմ։

«Երբ դու գործընթացի մեջ ես, սակայն նախաձեռնության բոլոր հնարավորությունները տվել ես դիմացի կողմին, դա ինքնին նշանակում է, որ դու ոչ շահեկան կողմում ես»,- ասաց Մանոյանն ու հավելեց, որ Թուրքիան ստացել է այն, ինչ ակնկալում էր՝ ստորագրված փաստաթղթեր, եւ այժմ դրանք սառեցրել է,  քանի որ բանակցային գործընթաց այլեւս տեղի չի ունենում դրանց շուրջ։ ՀՅԴ-ական գործիչը հիշեցրեց, որ Թուրքիան նման՝ ստորագրած ու չվավերացրած տասնյակ փաստաթղթեր ունի մի շարք այլ երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի, Սիրիայի, Շվեդիայի հետ, եւ հայտնի չէ, թե երբ կվավերացնի։ Ուստի, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւս կարող է ձգվել անվերջ եւ այս դեպքում անիմաստ է Հայաստանի մնալը հեռանկար չունեցող գործընթացում։                                                                                                      

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ պետք է հաստատվեն, սակայն դրա համար Թուրքիայի կողմից ընդամենը քաղաքական կամք է պետք, որպեսզի ասի, որ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի, ճանապարհները կբացի, իսկ մնացած խնդիրները կլուծվեն հետագայում՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Սակայն Թուրքիան  ցանկություն չունի փոխել իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»,-ընդգծեց Մանոյանը։