Նախկին քաղբանտարկյալ, ԵԿՄ վարչության անդամ, «Կումայրի» ջոկատի հրամանատար Աշոտ Զաքարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով պատերազմի վերսկսման հնարավորությունը, նշեց, թե, հաշվի առնելով Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում առկա զարգացումները, չի բացառում պատերազմի վերսկսման հնարավորությունը, ընդ որում, այս անգամ Հայաստանը պատերազմելու է ոչ թե Ադրբեջանի, այլ միջազգային հանրության դեմ: «Կարծում եմ՝ մեր հակառակորդն այս անգամ ոչ թե Ադրբեջանն է, այլ տվյա դեպքում միջազգային հանրությունն է՝ Եվրոպա, Ռուսաստան, Ամերիկա։ Եւ եթե այս անգամ պատերազմելու լինենք, պատերազմելու ենք աշխարհի հետ: Ես չեմ ուզում վախի, սարսափի մթնոլորտ ստեղծել, բայց ամեն դեպքում նոր պատերազմի վերսկսումը Հայաստանի Հանրապետությանը որեւէ լավ բան չի տալու»,- մանրամասնեց Աշոտ Զաքարյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը, թե ազատագրված յոթ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, ազատամարտիկը նշեց. «Տարածքների վերադարձով Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը դրվում է հրացականի տակ: Ոչ մի պետություն, այդ թվում՝ նաեւ համանախագահող երկրները, մինչ օրս լուրջ երաշխիքներ չեն տվել՝ զորքերի դուրս բերման պարագայում արդյոք չի խաթարվի Հայաստանի եւ Ղարաբաղի անկախությունը: Քանի որեւէ երաշխիք չկա, տարածք վերադարձնելու մասին խոսելն անիմաստ է»:

Ըստ Զաքարյանի՝ Հայաստանի դիրքերը երբեք այդքան թույլ չեն եղել ղարաբաղյան հարցում, որքան այսօր: «Այդքան խեղճ ու անկարող չենք եղել երբեւէ, եւ դա շնորհիվ անցնող տասը տարիների ընթացքում վարած արտաքին քաղաքականության: Նաեւ, որ չունենք ժողովրդի քվեն ստացած, լեգիտիմ իշխանություն: Եւ այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը, որով կխուսափենք թե պատերազմից, թե հնարավորություն կընձեռնվի Ղարաբաղի հարցում ձգտել հայանպաստ լուծման, Հայաստանում նոր արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է»,- արձանագրեց Աշոտ Զաքարյանը եւ ամփոփեց. «Ընդ որում, այդ ընտրությունները պիտի համապատասխանեն միջազգային չափորոշիչներին, որպեսզի Հայաստանի ղեկավարը, լեգիտիմ ղեկավար լինելով, կարողանա միջազգային հանրության մոտ արժանապատվորեն ներկայացնել համայն հայության շահերը»: