ՆԱՏՕ-ն ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին երեկ` հունիսի 23-ին Երեւանում հայտարարել է ՆԱՏՕ-ի աղետների համակարգման կենտրոնի ղեկավար Գյունտեր Բրենդշնայդերը, ով Երեւանում մասնակցում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբերի 11-17-ին Կոտայքի մարզում անցկացվելիք «Արմենիա 2010» դաշտային ուսումնավարժանքի վերջնական պլանավորման կոնֆերանսին: Այս կոնֆերանսին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ Ադրբեջանը, սակայն չի ներկայացել:
Գյունտեր Բրենդշնայդերը այս առնչությամբ նշել է, որ տեղյակ չէ, թե Ադրբեջանն ինչ մտադրություններ ունի, սակայն այն, որ Թուրքիայի 4 ներկայացուցիչներ ներկա են Երեւանի կոնֆերանսին վկայում է այն մասին, որ այդ երկիրը կմասնակցի սեպտեմբերին Երեւանում կայանալիք ուսումնավարժական հավաքին:
Հիշեցնենք, որ Երեւանում անցկացվող խորհրդաժողովին մասնակցում են ավելի քան 20 երկրներ, որոնց շարքում են թե՛ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, թե՛ կազմակերպության գործընկերներ: ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «Հայաստան-2010» ուսումնավարժական հավաքների վերջնական պլանավորման հետ կապված հարցերը կանցնեն Հայաստանում, այս տարվա սեպտեմբերին:



























