Հայաստանն ինքնիշխան երկիր է եւ ինչպես աշխարհի մնացած երկրները, իր քաղաքականությունը վարելու իրավունք ունի:

Այս մասին հոկտեմբերի 3-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կանդրադառնա Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ  «սառը պատերազմի» ժամանակներից հետո տեղի ունեցող ամենալուրջ ճգնաժամը Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների վրա, հաշվի առնելով, որ ՀՀ-ն վերադառնում է Ռուսաստանի ազդեցության գոտի:

Ըստ դեսպանի՝ փաստացի «սառը պատերազմն» ավարտվել է եւ վերադառնալու իրավունք չունի:  «Այսօր Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները մենք չպետք է բնութագրենք որպես եւս մեկ այդպիսի պատմական իրողություն: Կարծում եմ՝ ոչ ոք չի ցանկանում, որպեսզի «սառը պատերազմը» վերադառնա. Արեւմուտքի եւ Արեւելքի խնդիրն է փոխըմբռնում եւ  միայն խաղաղ լուծումներ գտնել բոլոր ճգնաժամային իրավիճակների համար», - նշել է Մորելը: Այդ պատճառով էլ, հավելել է դիվանագետը, Գերմանիայում եւ ԵՄ ներսում տրամադրված են, որ լուծումը չպետք է որոնվի զորքերի տեղակայման միջոցով: «Շատ դժվար է, երբ կողմերը տարբեր տեսակետ ունեն: Ակնհայտ է, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի նկատմամբ մեծ դժվարություններ են առաջացրել Եվրոպայում: Սակայն մենք հուսով ենք, որ Ռուսաստանը կհասկանա՝ ինչ ենք ուզում, եւ մենք կարող ենք ընդհանուր հայտարարի գալ: Եթե կողմերը խոսեն ոչ որպես առանձին դաշինքներ,  այլ բարեկամական հարաբերությունների զարգացման ոգով, ուժ կիրառելը բացառելու սկզբունքով, ապա, կարծում եմ, որ Հայաստանը չի տուժի այս ամենից», - ընդգծել է Ռայներ Մորելը: