ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի Հարվարդի համալսարանի հարյուրավոր ուսանողներ եւ դասախոսներ սպառնալիքներով էլեկտրոնային նամակներ են ստացել: Համալսարանի  ոստիկանությունը հայտնում է, որ անանուն անձը սպառնացել է վաղը «գալ» համալսարան եւ հրաձգություն կազմակերպել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Հարվարդի ղեկավարությունը որոշել է ուժեղացնել համալսարանի պաշտպանությունը: Քննությանը միացել է ՀԴԲ-ն:

Անցյալ տարվա դեկտեմբերին Հարվարդի համալսարանի որոշ մասնաշենքեր տարհանվել էին, երբ էլեկտրոնային փոստով նամակ էր ստացվել այնտեղ տեղադրված ռումբերի մասին: Պարզվել էր, որ նամակն ուղարկել էր ուսանողների մեկը` քննությունը խափանելու նպատակով: