Արեւադարձային «Սիմոն» քամին ուրբաթ երեկոյան առաջին աստիճանի փոթորիկի ուժ է հավաքել Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերին, հաղորդում է լատինաամերիկյան երկրի ջրային ռեսուրսների ազգային հանձնաժողովը:
Նրա տվյալներով՝ քամու արագությունը փոթորիկի ներսում հասել է 120կմ/ժ-ի՝ մինչեւ 150կմ/ժ ուժեղացմամբ: Այժմ «Սիմոնը», որն արդեն 13-րդն է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերին այս տարվա ընթացքում, գտնվում է Ստորին Հարավային Քալիֆորնիա նահանգից 445 կմ հեռավորության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մոտակա ժամերին փոթորիկն ուժեղ տեղումների կհանգեցնի Միչոական, Խալիսկո եւ Նայարիտ նահանգների տարածքում: Իշխանությունները զգուշացրել են բնակիչներին հնարավոր վտանգների մասին եւ կոչ են արել ուշադիր հետեւել քաղպաշտպանության ծառայության հաղորդագրություններին:



























