Անցած շաբաթավերջին հայ - ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած բախման գլխավոր նպատակը միջազգային հանրության ուշադրությունը կրկին Ղարաբաղի խնդրի վրա սեւեռելն էր: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:

«Աշխարհի առաջատար պետություններն այժմ զբաղված են այլ խնդիրներով: Նրանց ուշադրությունը կենտրոնացել է այլ հարցերի վրա` Իրան, Իրաք, Մերձավոր Արեւելք, Ղըրղզստան, Մեքսիկական ծոցում նավթի արտահոսք: Նման պայմաններում հայ - ադրբեջանական հակամարտությունը հետին պլան է մղվել: Չի բացառվում, որ կրակոցների միջոցով հիշեցնում են` նման հարց գոյություն ունի, այն պետք է լուծել:

Ակնհայտ է, որ կարգավորման գործընթացում առաջընթացը Բաքվին է անհրաժեշտ` նաեւ ներքաղաքական նկատառումներից ելնելով», - նշել է Ֆելգենգաուերը:

Խոսելով հայ - ադրբեջանական շփման գոտում վերջին իրադարձություններին ռուսաստանյան իշխանությունների արձագանքից` Պավել Ֆելգենգաուերը պնդել է.  «Ռուսաստանյան իշխանությունների համար ամենացանկալի լուծումը տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայումն է: Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը Մոսկվայի շահերին չի համապատասխանում»:

«Մոսկվան, սակայն, կցանկանար ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Անդրկովկասում», - ասել է մոսկվացի փորձագետը` հիշեցնելով. - «Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման գաղափարը նոր չէ: Առաջին անգամ նման նախաձեռնությամբ հանդես է եկել դեռ Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Պավել Գրաչովը` 1994 թվականին»:

Նշենք, որ հունիսի 19-ի գիշերը Ադրբեջանից ԼՂՀ էր ներխուժել զինված հետախուզական խումբ: Արդյունքում հայկական կողմը տվել էր 4 զոհ, եւս նույնքանն էլ վիրավորվել էին: Ադրբեջանական կողմը նահանջել էր՝ մարտի դաշտում թողնելով ընդամենը մեկ սպանված: