Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի այցը ամերիկյան բարձր տեխնոլոգիաների կենտրոն համարվող Սան Ֆրանցիսկո նպատակ ունի խթանել երկկողմ տնտեսական կապերի զարգացումը:
Այդ մասին հայտարարել է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի վերլուծաբան Մարկո Պապիչը: «Պատահական չէ, որ Դմիտրի Մեդվեդեւն իր այցը Միացյալ Նահանգներ սկսում է Կալիֆոռնիայից», - նշել է վերլուծաբանն ու հավելել. «Ռուսաստանի ցանկությունը ամերիկյան տեխնոլոգիական նորույթների ներմուծումն է: Խոսքը, նախ եւ առաջ, տիեզերական հետազոտությունների, նանոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարված վերջին հետազոտությունների արդյունքների մասին է: Տեխնոլոգիական այս նորույթները Մոսկվային անհրաժեշտ են Ռուսաստանի տնտեսության արդիականացման համար»:
Ըստ ամերիկացի վերլուծաբանի, Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ աշխարհաքաղաքական որոշ խնդիրներում փոխզիջումների գնալ: «Աշխարհաքաղաքականությունն ու արդիականացումը նույն մեդալի երկու կողմերն են: Ռուսաստանն ուզում է, որպեսզի նորագույն ամերիկյան հետազոտությունների արդյունքները հասու լինեն իր համար: Այդ նպատակով ռուսները մի շարք գլոբալ խնդիրներում` ինչպես, օրինակ, Իրանը կամ Աֆղանստանը, պատրաստ են փոխհամաձայնություն ձեռք բերել Վաշինգտոնի հետ», - նշում է Պապիչը:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ փորձագետը նաեւ չի բացառում, որ Օբամայի եւ Մեդվեդեւի բանակցությունների առանցքային թեմաներից մեկը կլինի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում ռուսական ազդեցության ոլորտի ճակատագիրը:
«Այս ամենի դիմաց Ռուսաստանը շատ կոնկրետ արդյունքների կհանգի` ստանալով ներդրումներ, գիտելիքներ եւ նորագույն տեխնոլոգիաներ»,- նշում է վերլուծաբանը:



























