«Apple»-ը նոր «iPad» պլանշետները կներկայացնի հոկտեմբերի 16-ին: Ըստ «24CMI»-ի, ավելի վաղ որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ նշում էին հոկտեմբերի 21-ի մասին, սակայն օրն անվանել էին «չհստակեցված»:

Սպասվում է, որ ամերիկյան ընկերությունը կցուցադրի 6-րդ սերնդի «iPad»-ը եւ 3-րդ սերնդի «iPad mini»-ն: Փորձագետները չեն բացառում նաեւ նոր «iPad Air»-ի ի հայտ գալը: Աղբյուրի տվյալներով՝ «Apple»-ը նոր պլանշետը կունենա 9.7 դյույմ տրամագծով էկրան, իսկ փոքր տարբերակը՝ 7.9 դյույմ:

Նույն օրը կորպորացիան կներկայացնի «OS X Yosemite» լիարժեք տարբերակը: «Apple»-ը մշակել է «Spotlight» որոնողական ծրագիրն ու «AirDrop» ծրագիրը, որն այժմ կարող է աշխատել «Mac» եւ «iOS» համակարգիչների վրա: «Yosemite»-ում մասնագետները նաեւ ավելացրել են «Maildrop» տեխնոլոգիան, որը թույլ է տալիս մինչեւ 5 ԳԲ ծավալով ֆայլեր փոխանցել: