Ճապոնիայում Օնտակե հրաբխի ժայթքման հետեւանքով մահացած զբոսաշրջիկները հասցրել են վերջին լուսանկարներն անել` տարերային աղետից վայրկյաններ առաջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Աղբյուրը նշում է, որ նրանց մեծամասնությունն ապրում էր հրաբխից ոչ հեռու, այդ պատճառով էլ որոշել էին բնության գիրկ գնալ: «Թվում է` Տախակասին երջանիկ է այդ լուսանկարներում: Սակայն բնավ չի ժպտում: Հնարավոր է այն պատճառով, որ տեսել է, թե ինչպես է հրաբուխն սկսոմ ժայթքել», - ասում է զոհերից մեկի ընկերը:
Զբոսաշրջիկներից մեկի կինը տպել է շուրջ 100 լուսանկար, որոնք իր ամուսինը հասցրել էր նկարվել ողբերգությունից մի քանի րոպե առաջ: Վերջինների վրա պատկերված են խառնարանից բարձրացող ծխի սյուներ: «Սա զարմանալի նկար է, սակայն ես կցանկանայի, որ այդ պահին իմ ամուսինը փախչեր, այլ ոչ թե լուսանկարեր: Ես մտածում եմ բարձրանալ այնտեղ 10 տարի անց. ցանկանում եմ տեսնել` ինչ է վերջին անգամ տեսել ամուսինս», - պատմել է զոհվածի կինը:
Հիշեցնենք, բժիշկները հաստատել են շուրջ 50 մարդու մահը` Օնտակե հրաբխի ժայթքելու հետեւանքով: Շուրջ 70 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, 16 մարդ համարվում են անհետ կորած:



























