HP-ն (Hewlett-Packard) մտադիր է երկու ընկերության բաժանվել: Մեկը զբաղվելու է դյուրակիր համակարգիչների եւ տպիչների արտադրությամբ, իսկ մյուսը՝ կորպորատիվ մակարդակով ծրագրային-սարքավորումային միջոցների մատակարարմամբ:
Ըստ Lenta.ru-ի, նոր ընկերություններից յուրաքանչյուրը տարեկան ավելի քան 50 մլրդ շրջանառություն է ունենալու: Բաժանումը կատարվում է՝ նպատակ ունենալով բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը:
Տեխնոլոգիական որոշ մեծ կորպորացիաներ բաժանվում են մի քանի բիզնեսի՝ ենթադրելով, որ առանձին ընկերություններով աշխատելն ավելի արդյունավետ է:
Անցյալ տարի լրատվամիջոցները գրում էին տվյալների պահպանման համակարգերի ստեղծման մեջ մասնագիտացած EMC ընկերության հետ HP-ի հնարավոր միավորման մասին: Արդյունքում մեգակորպորացիա կստացվեր՝ շուրջ 130 մլրդ դոլար շրջանառությամբ, սակայն գործարքը չկայացավ:
Սպասվում է, որ կորպորացիայի գործող գլխավոր տնօրեն Մեգ Ուիթմենին կնշանակեն HP Inc ընկերության տնօրենների խորհրդի նախագահ: Նա նաեւ կլինի երկրորդ՝ Hewlett-Packard Enterprise կազմակերպության գլխավոր տնօրենը, որի տնօրենների խորհրդի նախագահ կդառնա ներկայում անկախ տնօրեն Պատրիսիա Ռուսոն:




























