ՀՀ իշխանությունները պետք է հստակ ասեն, որ քանի դեռ կա թուրք-ադրբեջանական տնտեսական եւ տրանսպորտային շրջափակում, Հայաստանը հնարավոր չի համարում միանալ Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցներին։ Հունիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը։

Նրա խոսքով, տարածաշրջանի միակ երկիրը, որ շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ եւ խաղաղությամբ, Իրանն է։ «Այսօր մենք հասել ենք մի հանգուցալուծման, երբ տարածաշրջանային ստատուս-քվոյի պահպանման միակ երկիրն Իրանն է, մնացած բոլորը այս կամ այն կերպով փորձում են խարխլել ներկա ստատուս-քվոն»,- նկատեց Բալանյանը՝ հավելելով, որ ստատուս-քվոյի խարխլման մեթոդները բազմաթիվ են։ «Դրանցից մեկն էլ օրերս Ղարաբաղում տեղի ունեցած արյունալի դեպքերն են։ Աշխարհը մեծ հաշվով թքած ունի, թե ում վերահսկողության տակ է Լեռնային Ղարաբաղը, կարեւորը՝ գերտերությունների ռազմական եւ քաղաքական բաշխվածության խնդիրն է»,-նշեց Բալանյանը՝ հավելելով, որ ի հակակշիռ Թուրքիայի, ով կարող է զորքեր տեղակայել Նախիջեւանում, Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է համաձայնի ռուսական զորքերի տեղաբաշխմանը Ղարաբաղում։ «Այդ գործն իր վրա պետք է վերցնի բացառապես հայկական բանակը»,- համոզմունք հայտնեց նա։

Ամփոոփելով՝ Բալանյանը նկատեց, որ Հայաստանը վստահելի եւ ուժեղ գործընկերոջ կարգավիճակ ձեռք կբերի միայն հստակ արտաքին քաղաքական ուղեգիծ որդեգրելու դեպքում։ «Եթե դու վարում ես «դաբրոների», խուսանավելու եւ ոչ մի քայլ չանելու քաղաքականություն, այսինքն՝ բավարարվում ես միայն նախագահի կամ արտգործնախարարի հայտարարություններով, ապա մի օր նույն այդ «դաբրո» տված երկրները վզիդ կփաթաթեն մի տեսակետ, որն այնքան էլ քո սրտով չէ»,- նշեց նա: