Երեկ` ժամը 10-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երեւանի Իսահակյան փողոցի թիվ 18 հասցեում` Կույրերի միավորման կենտրոնական վարչության շենքում:
ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Հասնելով հրդեհի վայր` նրանք օգնություն են պահանջել, որից հետո այնտեղ է մեկնել եւս չորս մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:
Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ուսագոտու շրջանում վնասվածք է ստացել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, սերժանտ Գ. Մկրտչյանը: Վերջինս Երեւանի թիվ 2 բժշկական կենտրոնում առաջին բուժօգնություն ստանալով` դուրս է գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.57-ին, մարվել` 11.09-ին: Այրվել են տանիքը` 800 քմ եւ միջտանիքային ծածկը` 150 քմ մակերեսներով:



























