Գործող «Ընտրական օրենսգրքում» կատարվող բարեփոխումները չեն կարող վերաբերել մեծամասնական ընտրակարգով տեղերի ավելացմանը՝ այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադեւոսյանը, մեկնաբանելով շրջանառվող այն տեղեկությունները, ըստ որոնց իշխանությունները մտադիր են նոր փոփոխություններ մտցնել «Ընտրական օրեսգրքում»՝ ավելացնելով ԱԺ մեծամասնական ընտրակարգով տեղերի թիվը։
«Գործող օրենսգքով էլ կարելի է իդեալական ընտրություններ անցկացնել, եթե կա քաղաքական կամք։ Իսկ եթե ընտրական օրենսգիրքը փոփոխությունների կարիք ունի, ապա միայն մի ուղղությամբ՝ որպեսզի փակվեն այն սողանցքները, որոնք կարող են օգտագործվել ընտրակեղծարարների կողմից։ Իհարկե, պետք է կատարվի ԵԽԽՎ վերջին՝ 1677 բանաձեւում առկա պահանջը՝ ընտրական օրենսդրության բարեփոխման հետ կապված, սակայն դա երբեք չպետք է արվի մեծամասնական տեղերի ավելացման տեսքով»,-նկատեց Թադեւոսյանը։ Նա միաժամանակ հավելեց, որ չի կարծում, թե նման փոփոխություններ կարվեն, քանի որ. «ԿԸՀ-ում էլ նման հակվածություն չկա, որ կողմ արտահայտվեն նման փոփոխություններին»։
Ինչպես հայտնի է՝ գործող ընտրական օրենսգրքով Հայաստանի ԱԺ 131 պատգամավորներից 90-ը ընտրվում են համամասնական, 41-ը՝ մեծամասնական ընտրակարգով։
Նկատենք, որ «Ընտրական օրենսգիրքը» 1995-ից հետո 4 անգամ (1995թ., 1996թ., 1999թ., 2003թ.) ենթարկվել է փոփոխությունների, ընդ որում՝ հատկապես 2003-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Եվրոպայի խորհուրդը պահանջ էր դրել՝ համամասնական ընտրակարգով ընտրվողների թիվը հնարավորինս ավելացնել՝ մեծամասնականի հաշվին։ Ուստի՝ ի տարբերություն երրորդ գումարման (1999թ.) ԱԺ-ի, որտեղ համամասնական-մեծամասնական հարաբերակցությունը եղել է 75/56-ի, չորրորդ գումարման ԱԺ-ում (2003թ.) 131 պատգամավորներից 90-ը ընտրվել են համամասնական, 41-ը՝ մեծամասնական ընտրակարգով։
Այժմ ԱԺ-ում գործում է համապատասխան աշխատանքային խումբ, որը աշխատում է «Ընտրական օրենսգրքի» բարեփուխումների ուղղությամբ։


























