Երեւանում հերթական քրեական «ռազբորկան» է տեղի ունեցել, այս անգամ «Ջիանի» ռեստորանային համալիրում:

ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, օգոստոսի 7-ին` ժամը 02.30-ին, ոստիկանության Կենտրոն բաժնում ահազանգ է հնչել, որ «Ջիանի» ռեստորանային համալիրում վիճաբանության եւ կրակոցների ձայներ են լսվում: «Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.10-ին, վիճաբանություն է առաջացել եղբայրներ` 1980 թ. ծնված Սուրեն եւ 1990 թ. ծնված Արայիկ Դ.-ի եւ անհայտ անձանց միջեւ, որի ընթացքում եղբայրները վնասվածքներ են ստացել: Սուրեն եւ Արայիկ Դ.-երը բերման են ենթարկվել բաժին: Պարզվել է, որ նրանց հետ վիճաբանել են 1987 թ. ծնված Հրաչ Գ.-ն եւ նրա նրա ընկերը` 1983 թ. ծնված Գեւորգ Բ.-ն, որոնք ներկայացել են բաժին: Վիճաբանության ժամանակ վնասվել է ռեստորանի սպասքը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Շատ ավելի ուշագրավ վարկած է առաջ քաշել «Հայկական ժամանակ» օրաթերթը, որն ավելի մանրամասն է անդրադարձել կատարվածին: Ըստ թերթի՝ «կրակողները եղել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի եւ ռոստովցի քրեական հեղինակություն Սամվելի որդիները»։ "Ի դեպ, Լֆիկի մարդկանցից մեկը եղել է նրա քրոջ որդին՝ Գեւորիկ անունով, ով շուրջ երկու տարի նստած էր Արաբական Միացյալ Էմիրությունների բանտերից մեկում՝ մանր գողության համար եւ ըստ մեր տեղեկությունների՝ ազատ է արձակվել մոտ 1,5 միլիոն դոլարի դիմաց ու տասն օր առաջ վերադարձել Հայաստան, գրում է «Հայկական ժամանակը»:

Ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, Գեւորիկի վերադարձը նշվել է Լֆիկի «Փարվանա» ռեստորանում, իսկ արդեն ուրբաթ գիշերը ավելի «նեղ կռուգով»՝ «Ջիանի» ռեստորանում, որտեղ էլ տեղի է ունեցել ընդհարումը ռոստովցի Սամոյի որդիների հետ։ Վերջիններս, ըստ «Հայկական ժամանակի» աղբյուրների, արյունլվա են արել Գեւորիկին եւ Լֆիկի մյուս ջահելներին։ «Վեճը շարունակվել է նաեւ ռեստորանից դուրս, որտեղ էլ հնչել են կրակոցները։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել ռոստովցի Սամվելի որդիներին, իսկ Լֆիկի յուրայինները դիմել են փախուստի»,- գրում է «Հայկական ժամանակը» եւ հավելում, որ, ըստ իր աղբյուրների, սույն գործին խառնվել է Հայ առաքելական եղեկեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը. «Վերջինս, ըստ մեր աղբյուրների, քավոր-սանիկական հարաբերություններ ունի ռոստովցի Սամվելի ընտանիքի հետ։ Այնպես որ, „էս գլխից արդեն“ ակնհայտ է, որ հերթական անգամ վիճաբանած կողմերից եւ ոչ մեկը չի պատժվելու։ Միակ մխիթարական բանը այստեղ թերեւս այն է, որ կրակոցներից մարդիկ չեն տուժել», — եզրափակում է «Հայկական ժամանակը»։