Այսօր Հայաստանի Հանրապետության սահմանները, ցավոք, չեն գտնվում այն վիճակում, որոնք կարող են ապահովել անվտանգության բարձր մակարդակ: Այդ մասին հունիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Մենք գտնում են, որ մեր սահմանները պետք է լինեն ավելի անառիկ: Այդ հարցում մենք լրջագույն խնդիրներ ունենք»,- նշել է Բաղդասարյանն ու հավելել, որ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդն այժմ ձեռնամուխ է եղել համապատասխան միջոցառումների իրականացմանը, որոնք կարճ ժամկետում կտան իրենց դրական արդյունքը: «Այդ հարցում մենք ունենք մեր գործընկերների՝ Եվրամիության եւ Ռուսաստանի Դաշնության աջակցությունը»,- նկատել է ԱԱԽ քարտուղարը:
Բաղդասարյանը նաեւ անդրադարձել է ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության փաստին եւ նկատել, որ Հայաստանն աննախադեպ ակտիվ է: «Հայաստան-ՆԱՏՕ շրջանակներում լինելու են աննախադեպ միջոցառումներ, խորացնելու ենք մեր համագործակցությունը»,- նշել է ԱԱԽ քարտուղարը եւ հավելել, որ Հայաստանը դիվերսիֆիկացիոն լայն քաղաքականություն է վարում: Ըստ ԱԱԽ քարտուղարի՝ որեւէ հակասություն չկա, որ Հայաստանը համագործակցում է թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ ՆԱՏՕ-ի հետ: «ՀԱՊԿ-ի դեպքում մենք ռազմաքաղաքական դաշինքի անդամ ենք, ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք։ Պատկերավոր ասած՝ բարեկամի հետ բարեկամություն ենք անում, հարեւանի հետ՝ հարեւանություն»,- ասել է Բաղդասարյանը:


























