Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) ավարտվել է  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ  խուլիգանության կատարելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ  2010թ. մայիսի 31-ին` ժամը 18-ի սահմաններում, Դ. Քիրամիջյանը Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքում վիճաբանել է  պատահական անցորդ  Վ. Թադեւոսյանի հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով  նրա մարմնի տարբեր մասերին: Դ. Քիրամիջյանի եւ մյուսների խուլիգանական գործողությունները կասեցվել են ՊՊԾ գնդի ջոկի հրամանատար Ա. Բաղդասարյանի եւ ոստիկանության մյուս աշխատակիցների  միջամտության արդյունքում:

Կատարած իրավախախտման համար  ոստիկանների կողմից  Դ. Քիրամիջյանին բերման ենթարկելիս  քաղաքացի Ս. Գեւորգյանը կյանքի եւ առողջության համար  ոչ վտանգավոր  բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իր ծառայողական պարտականությունները կատարող`  ՀՀ ոստիկանության  ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Բաղդասարյանի նկատմամբ, այն է` քաշքշել է նրան եւ պոկել ուսադիրը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Դ. Քիրամիջյանին  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ս. Գեւորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի  316-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործն  ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Այնինչ, ընդդիմությունը պնդում է, որ երիտասարդ ակտիվիստները փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ, սակայն ոստիկանները բռնություն են գործադրել երիտասարդների նկատմամբ, ծեծել են նրանց եւ տարել ոստիկանություն: Հետագայում բռնված երիտասարդներին բաց են թողել, բացառությամբ Դ. Քիրամիջյանի: Վերջինիս մարմնի վրա եղել են բռնության հետքեր, այնինչ ոստիկաններից ոչ ոք չի տուժել: