Փրկարար ծառայության աշխատակիցը չի կարող եւ չպետք է կուսակցական լինի. նա, ով չի ենթարկվի կանոնակարգին, ծառայողական քննության կենթարկվի, եւ մենք կազատվենք տվյալ աշխատակցից։ Հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, թե ինքն անձամբ է արգելել փրկարար ծառայության աշխատակիցներին այս կամ այն կուսակցության անդամ լինել։
Նշելով, որ Փրկարար ծառայության մասին օրենքի 39-րդ հոդվածն արգելում է այդ ոլորտի ներկայացուցիչներին կուսակցական պատկանելություն ունենալ՝ Երիցյանը նկատեց, որ դա արգելել է նաեւ ինքն անձամբ։ «Այո, ես դա ասել եմ, ես դա պնդել եմ ու պնդելու եմ»,- ավելացրեց նա։
Անդրադառնալով փրկարարների աշխատավարձերի թեմային՝ ԱԻ նախարարը տեղեկացրեց, որ այն չնչին է եւ չի անցնում ամսական 60 հազար դրամից։ «Այդ է պատճառը, որ ընթացիկ տարվա ընթացքում նախատեսվում է գնալ օպտիմալիզացիայի, ինչը թույլ կտա որոշ աշխատակիցների կրճատման հաշվին բարձրացնել մյուսների աշխատավարձը»,- հավելեց նախարարը։
Նրա տեղեկացմամբ, արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է նաեւ կոլեգիալ մարմին ստեղծել։ NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ո՞րն է լինելու դրա բուն նպատակը, նախարարը նշեց։ «Նախարարության օղակներում կոլեգիալ մարմնի ստեղծումը միտված է գումարների առավել նպատակահարմար բաշխմանը։ Տվյալ օղակի բյուջեն, նրան տրամադրված գումարները կոլեգիալ մարմինը կարող է ուղղել աշխատավարձերի եւ պարգեւատրումների վճարմանը, ինչպես նաեւ ճիշտ բաշխել՝ տեխնիկական վերազինման նպատակով»,- պարզաբանեց Երիցյանը։
Ամփոփելով՝ նա հավելեց, որ նախարարությունը ծրագրում է մինչեւ տարեվերջ ազգային պլատֆորմ ստեղծել ( ընդ որում, միակը տարածաշրջանային երկրների շարքում), որն ուղղված կլինի հնարավոր ռիսկերի նվազեցմանը։


























