Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողները կոչ են անում հանրապետության ղեկավարներին՝ վերանայել հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը: Այդ մասին ասված է համազեկուցողների հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ, նրանք ողջունել են Հայաստանի խորհրդարանի նախագահի նախաձեռնությունը՝ բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ, որոնք ձեռնարկվելու են Հայաստանում ԵԽ կոչով: Միեւնույն ժամանակ հայտարարության մեջ ընդգծվում է, որ բարեփոխումները պետք է վերաբերվեն Հայաստանի ամենաարդիական խնդիրներին, որոնք նշել էր ԵԽԽՎ-ն: Համազեկուցողները նաեւ դժգոհություն են հայտնել այն փաստի կապակցությամբ, որ հանրապետության Ընտրական օրենսգիրքն ընդունվել էր առանց ընդդիմության հետ խորհրդակցելու, ինչը, ըստ հայտարարության հեղինակների, չի նպաստի հանրային վստահության ձեւավորմանը:

Համազեկուցողները հայտնել են իրենց անհանգստությունը հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Նրանք նկատել են, որ որոշ ազդեցիկ կազմակերպություններ քննադատել են օրենքը՝ նշելով, որ դրանք չեն ապահովում բազմակարծությունը Հայաստանում: Այդ իմաստով համազեկուցողները կարծում են, թե օրենքը պետք է ապահովի բազմակարծությունը եւ հեռարձակման արտոնագրեր տրամադրելու թափանցիկությունը:

Համանախագահները իրենց գոհունակությունն են հայտնել ոստիկանության եւ արդարադատության համակարգի բարեփոխումների ուղղվածության վերաբերյալ: Այդ իմաստով նրանք նշել են, թե ոստիկանության դեմ բողոքները քննելու համար առաջարկվող մարմինը պետք է լիովին անկախ լինի օրենքով, եւ որ այդ մարմինը պետք է օժտված լինի հետաքննական լայն լիազորություններով: Բացի այդ, նրանք ընդգծել են, որ Հայաստանում դատավարությունների մոնիտորինգի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում ներառված առաջարկները պետք է ամբողջությամբ հաշվի առնվեն արդարադատության համակարգի բարեփոխումների մշակման ժամանակ:

«Մենք գարնան սկզբին կվերադառնանք Հայաստան` իշխանությունների հետ այս խնդիրները մանրամասնորեն քննարկելու համար: Մեր քննարկումները նաեւ պետք է հիմնված լինեն Մոնիտորինգի հանձնաժողովում հայաստանյան քաղաքական ուժերի լայն շրջանակի հետ լսումների արդյունքների վրա, որ մենք նախատեսում ենք կազմակերպել», ամփոփել են նրանք: