Հայկական «Ալիանս Ֆրանսեզ» կրթամշակութային կազմակերպությունը եւ «Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիան» ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ հունիսի 28-ից հուլիսի 3-ը անց են կացնում ֆրանսերեն դասավանդողների 8-րդ ամենամյա սեմինարը, որն այս տարի հիմնականում կվարեն 2009թ.-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից ստեղծված CREFECO կենտրոնում վերապատրաստված մասնագետներ՝ Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններից:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից, սեմինարին գործնական աշխատանքներ վարելու, ինչպես նաեւ տեղացի վերապատրաստողներին մեթոդական աջակցություն ցուցաբերելու համար հրավիրված է Մոնրեալի համալսարանի` ֆրանսերենը որպես երկրորդ օտար լեզու դասավանդման փորձառու մասնագետ տիկին Նիկոլ Լավերնը:
Սեմինարին ներկա կլինի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ֆրանսերեն լեզվի դասավանդման եւ վերապատրաստման ծրագրերի պատասխանատու տիկին Վերոնիկ Ժերարը:
Սեմինարի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 28-ին ժամը 11-ին, Ֆրանսիական համալսարանի մեծ դահլիճում (Դ.Անհաղթի 10), որին ներկա կլինեն Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանները եւ այլ բարձրաստիճան հյուրեր:


























