Թուրքիայում անօրինական աշխատող հայերի թիվը տատանվում է 60-70 հազարի սահմաններում: Թուրքական Bugun թերթը անդրադարձել է Թուրքիայում գործազրկության խնդրին՝ չմոռանալով հիշատակել անօրինական աշխատող հայերին:

«Թուրքիայում անօրինական աշխատողները հիմնականում ազերիներ, թուրքմեններ, ուզբեկներ, վրացիներ, սուդանցիներ եւ հայեր են: Այո, սխալ չկարդացիք հայեր: Ահա, Թուրքիան այնպիսի երկիր է, որ ինքը քաղցած է, սակայն հարեւանին կերակրում է»,- գրում է պարբերականն ու նշում, որ Թուրքիայում անօրինական աշխատող հայերի թիվը տատանվում է 60-70 հազարի սահմաններում. «Թուրքիայի վարչապետը մեկ տարի առաջ հայտարարեց, որ կա 50 հազար, ներքին գործերի նախարարը նշեց 53 հազարի մասին, իսկ „Արդարություն եւ զարգացում“ կուսակցության պատգամավոր եւ նախկին արտգործնախարար Յաշար Յաքըշը հիշատակել է 70 հազար հայերի մասին, որոնք անօրինական կերպով ապրում եւ աշխատում են Թուրքիայում»:

Թերթը, ներկայացնելով հայերի թվաքանակի վերաբերյալ փաստական տվյալները, նույնիսկ կոչ է անում Հայաստանի նախագահին: «Հայաստանի բնակչությունը 2.5-3 միլիոն է, որոնցից 70 հազարը Թուրքիայում աշխատելով են հացի փող վաստակում: Եթե հաշվենք, որ ամեն մի աշխատող երեք կամ չորս հոգանոց ընտանիք է պահում, այդ թիվը հասնում է 210 հազարի: Սա Հայաստանի համար մեծ թիվ է: Ֆրանսիան, Բելգիան, Կանադան, Հոլանդիան եւ մյուսները քանի ապօրինի ապրող հայի աշխատելու թույլտվություն կտան: Այս երկրները անօրինական կերպով աշխատող հայերին իսկույն երկրից դուրս կանեն»,- նկատում է պարբերականը եւ հոխորտում. «Այժմ դուք վեր եք կացել եւ ձեզ ու մյուս հայերին լավություն անող Թուրքիայի բարեկամական ձեռքը ետ եք շրջում, հրաժարվում եք բարեկամության խորհրդանիշ հանդիսացող ֆուտբոլային խաղը դիտելու համար Թուրքիա գալ: Ուզում եք եկեք, ուզում եք մի եկեք, բայց անօրինական ճանապարհով Թուրքիա եկած եւ 200-300 հազար հոգու համար հացի փող աշխատողների մասին իմանալով, պետք է, եւ գաք Թուրքիա եւ ներողություն պետք է խնդրեք»:

NEWS.am. Ավելորդ է նշել թուրքական թերթի անպատկառության մասին: Դեռեւս Օսմանյան կայսրության տարիներից հայերը համարվում էին լավագույն աշխատավորները, եւ թուրքերն իրենք էին շահագրգռված հայերին աշխատանքի ընդունելով: Այսօր էլ, եթե Թուրքիան ինքը շահագրգռգված չլիներ հայերի աշխատանքով, որեւէ հայի մեկ ժամ անգամ չէր պահի Թուրքիայում: Էլ չասած, թե ով պիտի իրականում ներողություն խնդրի: