«Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ի՞նչ վատ բան կա օտարալեզու դպրոցի բացումը թույլատրելու մեջ»,- այսօր լրագրողներին նման հռետորական հարց է ուղղել հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա օրինակ է բերել Ջավախքում եւ Լոս Անջելեսում հայկական դպրոցների առկայության փաստը, որոնք այդ երկրների համար օտարալեզու են: Այվազյանը հիշեցրել է նաեւ, որ ծնունդով Վրաստանի Բորժոմ քաղաքից է, որտեղ սովորել է հայկական դպրոցում, եւ որտեղ վրացերենը միայն հինգերորդ դասարանից են սկսել դասավանդել, այն էլ որպես օտար լեզու: «Եթե այդ սկզբունքով առաջնորդվեն, իրենք էլ պետք է հայկական դպրոցները փակեն», ասաց Այվազյանը: Նրա կարծիքով` ընդունված օրինագիծը հայոց լեզվի դերը չի նսեմացնում, քանի որ կառավարման համակարգում դրա կիրառումը չի սահմանափակվում: «Առանց հայերեն իմանալու նախարար դառնալ հնարավոր չէ»,- ներկաների մտահոգությունները փարատեց Այվազյանը:
Պատգամավորը, բերելով Ջավախքի դպրոցների օրինակը, «մոռանում» է, որ այնտեղ սովորում են հայեր, որոնք Վրաստանի համար համարվում են ազգային փոքրամասնություն, մինչդեռ մեզ մոտ բացվելիք օտարալեզու դպրոցներում մեծ մասամբ, եթե ոչ ամբողջությամբ սովորելու են հայեր, որոնք ամենեւին էլ փոքրամասնություն չեն Հայաստանում։ Նրա ասածը տեղին կլիներ, եթե նման դպրոցներ այստեղ բացվեին ազգային փոքրամասնությունների համար՝ իրենց իսկ ուժերով, եւ այնտեղ սովորեին այդ փոքրամասնության ներկայացուցիչները, ինչպես որ Ջավախքում է։ Իշխող կուսակցության եւ նրանց համախոհների նման հայտարարություններից պարզ է դառնում, որ իրենք միտումնավոր ցանկանում են խեղաթյուրել օտարալեզու դպրոցների բուն իմաստը՝ դրանով իսկ մոլորության մեջ գցել բանից անտեղյակ մեր շատ հայրենակիցների, եւ առաջ տանել իրենց սեւ գործը։ Եւ այս անսովոր փութաջանության պատճառը, ամենայն հավանականությամբ, դրսից տրվող կոնկրետ պատվերն է, իսկ ում կողմից՝ թերեւս բոլորը գիտեն։


























