Վերջին ժամանակներս Հայաստանի բնապահպանության նախարարության եւ Սեւանա լճի պահպանման հարցերով հանձնաժողովի միջեւ կրքեր են բորբոքվել։ Մասնավորապես, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը կարծում է, որ բացառությամբ կարասի եւ խեցգետնի, լճում որսը երեք տարով պետք է արգելել։ Բնապահպանության նախարարությունը կարասի եւ խեցգետնի առումով տրամաբանորեն հակառակ կարծիքի է։
Ինչպես հայտնի է, Սեւանա լճից անվերադարձ կերպով անհետացել են մի շարք ձկնատեսակներ, իսկ նրանք, որոնք դեռ կան, ոչնչացման եզրին են։ Մեկ տասնամյակ առաջ այսպիսի ճակատագրի արժանացավ նաեւ ռուսական սիգը։ Ներկայումս նրանց հետ ապրում է պատահականորեն այդտեղ հայտնված կարասը։ Խնդիրն այն է՝ թույլ տա՞լ «օտարի» որսը, թե ոչ։
Հարցը պարզելու նպատակով NEWS.am-ի թղթակիցը դիմեց մասնագետի՝ Հայաստանի ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ իխտիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանին։
Նրա խոսքով, լճում որսի կարգավորման առաջարկություններ իր կողմից ղեկավարվող ինստիտուտը բնապահպանության նախարարությանն ուղարկել էր ավելի վաղ՝ խորհուրդ տալով սիգի որսը արգելել գոնե մեկ տարով։
Գիտնականները կարծում են, որ կարասի որսի արգելումը կբերի ձկնորական ցանցերի օգտագործման արգելքի։ Գաղտնիք չէ, որ կարասի որսի անվան տակ որսագողերն իրականում հաճախ որսում են այլ ձկնատեսակներ։ Այնպես որ, կարասի որսի արգելումը կսահմանափակի Սեւանա լճի այլարժեքավոր ձկնատեսակների որսը:
Ինչ վերաբերում է խեցգետիններին, ինստիտուտն առաջարկում է դրանց որսի համար օգտագործել միայն խեցգետին որսալու հարմարանքներ։


























