Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասով քննադատության հետ համաձայն չեն:
Մեկնաբանելով Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը՝ արտգործնախարարի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ-ի մշտական փորձերն անընդունելի են: Ադրբեջանում լիովին ապահովված են օրենքի գերակայությունը եւ դատաիրավական համակարգի անկախությունը»:
«Քաղաքական ճնշում գործադրելու նպատակով մարդու իրավունքները արտաքին քաղաքականության գործիքի վերածելու փորձերը արդեն վաղուց սպառել են իրենց ազդեցությունը: Անընդունելի է մոտենալ մարդու իրավունքներին երկակի ստանդարտների եւ ընտրողական քաղաքականությամբ: Իրենց մարդու իրավունքների «մունետիկ» հռչակող պետությունները, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ն, պետք է ավելի ուշադիր վերաբերվի հայկական ագրեսիայի արդյունքում տարրական իրավունքներից զրկված ադրբեջանցի փախստականների ու հարկադիր տեղահանվածների իրավունքներին, ինչպես նաեւ Ադրբեջանի օկուպացված տարածքներում էթնիկական զտումների փաստերին», - նշել է Գաջիեւը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը վերջին ժամանակներս դարձել է ԵՄ-ի ու Եվրոպայի սեւեռուն ուշադրության առարկան: Քաղաքական բանտարկյալների թվում են ոչ միայն քաղաքական գործիչներ, այլ նաեւ լրագրողներ եւ իրավապաշտպաններ:




























