Պյոտր Պորոշենկոն ստորագրել է «Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքը: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

«Նշված տարածքներում օրենքով հատուկ կարգ է սահմանվում ժամանակավորապես՝ երեք տարի ժամկետով, ուժի մեջ մտնելու օրից»,- հայտարարել են նախագահի մամուլի ծառայությունում:

Նշվում է, որ այս օրենքի ընդունման հիմնական նպատակներից է այդ տարածքների բնակավայրերում կենսագործունեության վերականգնման համար պայմանների ստեղծումն ու զարգացումը:

Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման հատուկ կարգի մասին օրինագիծը սեպտեմբերին 16-ին ընդունել էր Գերագույն Ռադան: