ՎՈՒԱՄ կազմակերպության շրջանակներում որոշ հարցերում Ուկրաինայի որդեգրած դիրքորոշումը մտահոգությունների տեղիք է տալիս Հայաստանին:

Այդ մասին ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքականության համար գերակա համարվող եվրոպական ինտեգրման, ինչպես նաեւ ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում գործընկերության անդամ պետությունների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով ՎՈՒԱՄ կազմակերպության շրջանակներում որոշ հարցերում Ուկրաինայի որդեգրած դիրքորոշմանը, Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ դրանք մտահոգությունների տեղիք են տալիս եւ հույս հայտնեց, որ Հայաստանի համար գերակա հարցերում Ուկրաինան կդրսեւորի շատ ավելի հավասարակշիռ դիրքորոշում: Տիկին Զոհրաբյանը համոզմունք է հայտնել, որ ցանկացած խնդիր եւ հարց հնարավոր է լուծել փոխադարձ քննարկումների միջոցով, եւ նկատել նաեւ, որ 2005թ. ՀՀ Ազգային ժողովի եւ Ուկրաինայի Գերագույն ռադայի միջեւ ստորագրված միջխորհրդարանական համագործակցության մասին հուշագիրն իր նպատակին չի ծառայում: