Ատլանտյան օվկիանոսում մոլեգնող «Գոնսալո» փոթորիկը հասել է Մեծ Բրիտանիայի Բերմուդյան կղզիներ, հայտնել են Մայամիում փոթորիկների ուսումնասիրության ամերիկյան ազգային կենտրոնի մասնագետները:
Փոթորիկն իր հետ բերել է ուժեղ ալիքներ, քամի եւ տեղատարափ անձրեւներ: «Գոնսալոյի» կենտրոնում քամու արագությունը կազմում է 185 կմ/ժ, որը համապատասխանում է վտանգավորության երրորդ աստիճանին՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի: «Գոնսալոն» շարժվում է հյուսիս-արեւելք՝ 26 կմ/ժ արագությամբ: Ըստ օդերեւութաբանների՝ այն Բերմուդներում կշարունակվի եւս մի քանի ժամ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Իշխանություններն անհանգստանում են, որ փոթորիկը կարող է լուրջ ջրհեղեղների պատճառ դառնալ, եւ մարդկանց խորհուրդ են տվել լքել ցածրադիր վայրերը: Ուրբաթ կղզիներում փակվել են դպրոցները, չի աշխատել միջազգային օդանավակայանը:Անցնող հանգստյան օրերին Բերմուդյան կղզիներում, որն ունի մոտ 70 հազ. բնակչություն, վրա է հասել արեւադարձային «Ֆեյ» փոթորիկը՝ առանց էլեկտրականության թողնելով մոտ 30 հազար բնակիչների։ Մինչ այդ վերջին փոթորիկը Բերմուդներում եղել էր 2003թ. սեպտեմբերին։ Այն ժամանակ չորս մարդ էր զոհվել, վնասը գերազանցել էր 300 մլն դոլարը։
ԱՄՆ-ի Արեւելյան ափից 1030 կմ այն կողմ տեղակայված Բերմուդյան կղզիների մակերեսը 54 քկմ է։
Ատլանտիկայում փոթորիկների շրջանը կես տարի է շարունակվում՝ հունիսի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը։




























