«Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը կմեկնի Թուրքիա հոկտեմբերին կայանալիք ֆուտբոլային խաղը դիտելու, քանի որ մինչ այդ սահմանները կբացվեն։ Այս կարծիքը նա հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Պատգամավորն ասում է, որ ԱՄՆ-ի ճնշման տակ Թուրքիան կամ ստիպված կլինի բացել հայ-թուրքական սահմանը, կամ էլ ԱՄՆ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, մանավանդ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում առաջ է քաշվել ցեղասպանության ճանաչման բանաձեւը։
Խոսելով ԵԱՀԿ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի կողմից հաճախ արվող այն հայտարարությանը, թե հայ թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը զուգահեռ գործընթացներ են, Ստեփան Սաֆարյանն ասաց, որ հայտարարությունը պատահականորեն չի արվել։ Այդ կերպ Թուրքիային հասակացնում են, որ եթե ուզում է ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, ապա պետք է սկսի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումից։




























