7 անգամ չեմպիոն դարձած Միխայել Շումախերը չի մասնակցի սպասվող «Եվրոպայի գրան-պրի»-ին։ Հանրաճանաչ գերմանացի ավտոարշավորդը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է վերադառնալ «Ֆորմուլա 1», որտեղ նա պետք է փոխարիներ «Ֆերարիի» վնասվածքներ ստացած ավտոարշավորդ Ֆելիպե Մասուին:

Ըստ մրցարշավորդի կայքում տեղադրված հայտարարության` պատճառը վնասվածքի հետեւանքներն էին, որոնք նա ստացել էր փետրվարին մոտոցիկլետով մրցարշավի ժամանակ:

«Իմ ծոծրակը չի կարողանա կրել „Ֆորմուլա 1-ի“ ծանրաբեռնվածությունները: Դա ակնհայտ դարձավ հետաքննության ժամանակ, որը մենք կատարում էինք վերջին երկու շաբաթվա ընթացքում, եւ մինչեւ երեկվա վերջնական ստուգումը»,- նշեց մրցարշավորդը:

Նշենք, որ երկրպագուները, փորձագետները, ինչպես նաեւ «Ֆորմուլա 1»-ի պիլոտները անհամբեր սպասում էին Շումախերի վերադարձին «Ֆորմուլա 1»: Լեգենդար ավտոարշավորդի համար անգամ գերհզոր սաղավարտ են պատվիրել ՝ անհատական զարդանկարով եւ 12 հազար եվրո արժողությամբ: