Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 27-ին Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն` հունիսի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի շփման գոտում տեղի ունեցած դիվերսիոն հարձակման ընթացքին զոհված 4 հայ զինծառայողների հոգիների հանգստության համար:

Արարողության ավարտին, Ամենայն Հայոց կաթողիկոսն ասել է.

«Վշտացյալ եւ տրտմյալ հոգիներով այս պահին հոգեհանգիստը կատարեցինք մեր այն չորս զավակաց հոգիների հանգստության համար, ովքեր հայրենի սահմանների պաշտպանության նվիրական գործում ծառայողական իրենց պարտքը կատարելիս` զոհվեցին ադրբեջանական կողմի տմարդի եւ նենգ հարձակման ժամանակ: Աղոթք բարձրացրեցինք ` հայցելով Երկնավոր Տիրոջը, որ իր լուսեղեն օթեւաններում ընդունի հոգիները մեր անմեղ չորս զավակների եւ Սուրբ Հոգու մխիթարությունը պարգեւի նրանց վշտակիր հարազատներին:

Քաջալերվելով ու գոտեպնդվելով ամոքեցեք ձեր վիշտն ու ցավը կորստի, որ միայն ձերը չէ, այլ ողջ ժողովրդինը, որովհետեւ զոհվածը միայն անհատ ծնողի զավակը չէ, այլ նաեւ ազգի, հայրենիքի զավակն է, որ իր կյանքը պսակեց նահատակության պսակով հայրենիքի սիրույն համար»:

Այնուհետեւ դիմելով արարողությանը ներկա զոհվածների հարազատներին, Գարեգին Բ-ն նշել է. «Մեր հորդորն ու պատգամն է ձեզ, որ Սուրբ Հոգու մխիթարությամբ մխիթարված ու գոտեպնդված, առանց ընկճվելու եւ տրտմելու, հպարտությամբ, բարձր ու պարզ ճակատով շարունակեք ձեր կյանքի ընթացքը` հատատ համոզումով, որ մեր քաջարի չորս զոհյալ զավակները հավիտենապես կապրեն բոլորիս հոգիներում: Թող Բարձրյալն Աստծո Աջը միշտ հովանի լինի ձեր վրա եւ Սուրբ Հոգու սերը շնորհն ու խաղաղությունը լինի ամենքիս հետ այժմ եւ հավիտյանս, ամեն»: