Հունիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի տարածքով անցնող Սեւան-Հրազդան ջրանցքի հետիոտնային բետոնե կամուրջը փլուզվել է, ինչի հետեւանքով նույն գյուղի բնակիչ, 38-ամյա Հայաստան Խաչատրյանը կամրջի վրայից ընկել է ջրանցքը եւ խեղդվել:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, անմիջապես կապ է հաստատվել Սեւան-Հրազդան «Ոռոգում ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի հետ, եւ ջրանցքում ջրի հոսքը դադարեցվել է: Դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատները: Ժամը 23.59-ին Հրազդան ՀԷԿ-ի արգելացանցերի մոտ հայտնաբերվել է զոհվածի դին: Ջրափրկարարների ուժերով դին դուրս է բերվել ջրանցքից եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Ժամը 00.45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչությունից ստացված տեղեկության համաձայն` ջրանցքի նույն հատվածում հայտնաբերվել է երկու գլուխ խոշոր եղջերավոր անասուն` մեկը սատկած, մյուսը` կենդանի վիճակում: Ժամը 02.50-ին փրկարարների ուժերով կենդանիները դուրս են բերվել ջրանցքից:


























