«Բոլորս գիտենք, որ Սարգիս Հացպանյանը եղել է Արցախի ազատամարտի մասնակից եւ դա քննարկման թեմա չէ: Անգամ ամենավերին իշխանական աղբյուրները չեն ժխտում, որ նա եղել է ազատամարտի մասնակից, բայց նրանից պահանջում են, որ արդարադատության նախարարություն ներկայացնի տեղեկանք առ այն, որ նա մասնակցել է մարտերին, որպեսզի համաներմամբ ազատ արձակվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի անդամ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Ս. Հացպանյանը այսօր Հայաստանում առկա 21 քաղբանտարկյալներից մեկն է, ով մեղադրվում է սուտ վկայություն տալու համար: Նրա վրա համաներումը կարող է տարածվել միայն այն դեպքում, եթե նա մասնակցել է ղարաբաղյան պատերազմին: Սակայն, այսօր ոչ Հայաստանի, ոչ ԼՂՀ-ի պաշտպանության նախարարությունները նման տեղեկանք չեն տալիս:
«Ես կարող եմ վստահեցնել, որ ազատամարտին հազարավոր մարդիկ են մասնակցել, որոնցից նման տեղեկանք կարող են ներկայացնել միայն նրանք, ովքեր պատերազմից հետո շարունակել են իրենց ծառայությունը բանակում: Իսկ նրանք, ովքեր չեն շարունակել ծառայությունը, այդպիսի տեղեկանք բերել չեն կարող: Նաեւ հայտնի չէ, թե ո՞վ պետք է տա այդ տեղեկանքը»,- ասաց Վ. Հարությունյանն ու հավելել. «Նրա քր, գործում կա տեղեկանք, որ նա ազատամարտի ժամանակ որպես լեյտենանտ ունեցել է վկայական, ստացել է զենք, որը հաշվառված է ԼՂՀ պաշտպանության բանակում, բայց շարունակում են պահանջել վերացական տեղեկանք, որի ստանալու աղբյուրը մինչ օրս մնում է անհայտ: Հայաստանի ու ԼՂՀ-ի պաշտպանության նախարարությունները մեզ նման տեղեկանք չեն տալիս»:
Նա կարծիք հայտնեց, որ Ս. Հացպանյանի պարագայում գործում է իշխանությունների քինախնդրության գործոնը: «Փաստորեն Սարգիս Հացպանյանին բանտում պահելու վճիռը կայացվել է: Սերժ Սարգսյանը փայլուն գիտի, որ Հացպանյանը եղել է ազատամարտիկ, նրանք միասին են եղել Ղարաբաղում: Սերժ Սարգսյանը Ս. Հացպանյանին տեսել է եւ զինվորական հագուստով, եվ զենքով, եւ տեսախցիկով` որպես ազատամարտը վավերագրող, բայց նա անում է այն, ինչ անում է»,- ընդգծեց իրավապաշտպանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ մի քանի տասնյակ ազատամարտիկներ գրավոր վկայություններ են տվել, որ Ս. Հացպանյանը պատերազմի մասնակից է, որոնց թվում են նաեւ ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Ռուդիկ Հյուսնունցն ու Պարգեւ սրբազանը: Վերջինս փորձել է ինչ որ բան անել այս հարցով, սակայն դա նրան չի հաջողվել:
«Լավ կլիներ համաներման ակտում գրել, որ համաներումը չի տարածվում նաեւ Սարգիս Հացպանյան անունը կրող մարդու վրա»,- հեգնեց Վ. Հարությունյանը, հավելելով, որ այդ դեպքում, դա ավելի հասկանալի կլիներ:



















