Հոկտեմբերի 26-27-ին ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ, որից հետո արդեն Լոռիում, Սյունիքում ու Տավուշում ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ, գիտությունների դոկտոր Գագիկ Սուրենյանը:

«Ընդամենը 4 օր առաջ ունեցանք հզոր ցիկլոն. տեղումները դիտվեցին ձյան տեսքով, նույնիսկ Քաջարանում եւ Սիսիանում 15սմ-անոց ձյունածածկ ունեցանք: Եթե հոկտեմբերի 20-ին Գորիսում ունեինք 0, այսօր ունենք 15 աստիճան տաքություն: Այս պահին Արեւմտյան Սիբիրից արկտիկական օդային ցիկլոն է գալիս դեպի Հայաստանի Հանրապետություն եւ հոկտեմբերի  26-ի երկրորդ կեսին արդեն այն կներթափանցի մեր տարածք: Եղանակի կտրուկ փոփոխություն կլինի, հատկապես Լոռիում, Սյունիքում, Տավուշում եւ Արցախում: Այդ օրերին սպասվում է ձյուն, մերկասառույց»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Մասնագետի խոսքով`  հոկտեմբերի 28-ից հետո արդեն ջերմաստիճանը կսկսի բարձրանալ:

«Նոյեմբեր ամսին ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է ամսվա առաջին կեսին, իսկ արդեն երկրորդ կեսին սպասվում է մինչեւ մինուս յոթ ջերմաստիճան»,- ավելացրեց Գագիկ Սուրենյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 23-ին կառավարության նիստի ժամանակ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտնել էր,  որ հոկտեմբերի 26-27-ին Հայաստանում կտրուկ կցրտի: Նրա խոսքով, Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերում ջերմաստիճանը կնվազի գրեթե 20 աստիճանով: Ջերմաստիճանը կնվազի նաեւ Երեւանում: Պատճառը հզոր արկտիկական ցիկլոնն է Սիբիրից, որը շարժվում է հանրապետության ուղղությամբ: