Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր խոսափողը հույս ունի ազատվել «պաշտոնակատար» նախդիրից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիեւի հայտարարությունը, թե Հայաստանում «ռազմական բռնապետություն է»:
Տիգրան Բալայանի խոսքով՝ Ադրբեջանում բռնատիրական ռեժիմի հիմքերի կտրուկ հաստատման եւ միջազգային հանրության կողմից խիստ քննադատությունների, ինչպես եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կոչերի ֆոնին, ադրբեջանական քարոզչամեքենայի նորաթուխ ներկայացուցիչը փորձում է քծնել, սիրաշահել, ակնհայտ է, նրան խոստացել են, որ որքան շատ անհեթեթություններ հրամցնի, այնքան արագ կազատվի «պաշտոնակատար» նախդիրից:
Նշենք, որ վերջին ժամանակներս իրավապաշտպանների եւ այլախոհների հետախնդիրներով պայմանավորված ավելացել է Ադրբեջանի հասցեին ուղղված քննադատական ալիքը:


























