ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր նորաբաց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 25-28-ը անցկացվող «Երեւան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը (ֆոտոռեպորտաժ):
«Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն չորրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցել են ոսկերչական իրերի եւ ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի 24 երկրից։ Ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաեւ շուրջ 200 գնորդ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, տեղական ընկերությունների համար սպառման նոր շուկաներ գտնելու լավ հնարավորություն է:
Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, դիտել հայրենական եւ արտերկրյա 125 ընկերությունների ներկայացրած ոսկերչական իրերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ծանոթացել այդ ընկերությունների գործունեությանն ու հետագա ծրագրերին։
Ցուցահանդեսի շրջանակներում Արդյունաբերության զարգացման հիմնադրամը «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» հետ համատեղ նախատեսում է անցկացնել նաեւ «Հայաստանը՝ տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» խորագրով ներդրումային համաժողով եւ դրա շրջանակներում կլոր սեղաններ՝ «Ոսկեգործության զարգացման համաշ¬խար¬հային միտումները եւ ՀՀ-ում ներդրումների ներգրավման հնարավորությունները», «Հայաստանում ադամանդագործությունը զարգացնելու հնարավորությունները, առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղղությունները» թեմաներով:
Հանրապետության նախագահը եւ տիկին Ռիտա Սարգսյանը ներկա են գտնվել նաեւ «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում կազմակերպված հայ գեղանկարիչների ցուցահանդեսի բացմանը, որտեղ ներկայացված են ժամանակակից նկարիչների եւ քանդակագործների 100-ից ավելի աշխատանքներ:
Միջոցառման շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը դիտել են նաեւ «Երեւանյան նորաձեւության շաբաթ» խորագրով ցուցադրությունը, որտեղ իրենց հավաքածուներով ներկայացել են Հայաստանի եւ Ռուսաստանի մոդելավորողները:
Հանրապետության Նախագահն այնուհետ այցելել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շենք: Ազատ տնտեսական գոտին ստեղծվել է ՀՀ կառավարության 27.02.2014թ. թիվ 231-Ա որոշմամբ: Կազմակերպիչ է ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն: Այստեղ գործունեությունն իրականացվելու է ոսկերչության, ակնագործության եւ ժամագործության ոլորտներում՝ 10 տարի ժամկետով: Ազատ տնտեսական գոտու շահագործողներն ազատվում են շահութահարկի, ԱԱՀ-ի, գույքահարկի եւ մաքսատուրքի վճարման պարտավորություններից, իսկ պե¬տա¬կան մարմինների կողմից ծառայությունները կմատուցվեն «մեկ պատուհան» սկզբունքով:





























