Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել` Արթուր Գրիգորյանին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից: Արթուր Գրիգորյանը մասնագիտությամբ իրավաբան է:

Հիշեցնենք, որ օրերս հրաժարական էր տվել ԲՀԿ-ի քվոտայով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը, ով այդ պաշտոնում աշխատեց մի քանի ամիս: Նրա հրաժարականից հետո լուրեր տարածվեցին, որ նա կադրային հարցերում տարաձայնությունն է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն ոչ  ԲՀԿ-ից, ոչ էլ Մ. Մնացականյանը այդ լուրերը չհաստատեցին: Հրաժարականի պատճառներն այդպես էլ անհայտ մնացին:

Ստորեւ ներկայացնում ենք Արթուր Գրիգորյանի կենսագրությունը:

Արթուր Գրիշայի Գրիգորյանը ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 20-ին, Կոտայքի մարզի Բջնի գյուղում: 1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1995թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Մասնագիտությամբ իրավաբան է: 1992-1999թթ. աշխատել է Հրազդանի շրջանային ժողովրդական դատարանում,նախ որպես դատական տեսուչ,ապա` գրասենյակի պետ: 1999 թվականից եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Կոտայքի մարզային բաժնի պետը: 2007 թվականի դեկտեմբերից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես իրավական վարչության բաժնի պետ, այնուհետեւ` 3-րդ վարչության պետի տեղակալ: 2008 թվականի դեկտեմբերից մինչ նշանակումը ութերորդ վարչության պետն էր:
2009թ. դեկտեմբերի 26-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

Արդարադատության փոխգնդապետ է:

2006 թվականից ԲՀԿ անդամ է: Ամուսնացած է, ունի երկու զավակ: Նախասիրությունը` սպորտ, ընթերցանություն: