«Խաղաղապահների հարցը ամենաքննարկվող հարցերից է, որոնց շուրջ կողմերը դեռ համաձայնության չեն եկել»,- ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Այդին Միրզազադեն, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը, թե ԼՂ-ին հարակից շրջաններում պետք է խաղաղապահներ տեղակայվեն:

«Խաղաղապահները հարցը բարձրացվում է շատ վաղուց: Ադրբեջանը ապացուցել է, որ առանց խաղաղապահների էլ կարելի է պահպանել „ստատուս քվո“-ն եւ գալ խաղաղ համաձայնության»,- ասել է նա ու հավելել. «Ղարաբաղյան հակամարտությունը միակն է աշխարհում, որտեղ չկան խաղաղապահներ եւ որտեղ պահպանվում է հրադադարը՝ մի քանի բացառություններով»:

Նրա խոսքով, Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքներում խաղաղապահներ տեղակայելու հարցում կարելի է գալ համաձայնության միայն կողմերի համաձայնության դեպքում: «Թե ինչպիսին կլինի կողմերի որոշումը, հիմա ասել դժվար է: Հնարավոր է, որ օգտագործվեն հենց հայկական ու ադրբեջանական զինծառայողներից կազմված խաղաղապահ ուժեր, բայց առանց ծանր զինատեսակների: Հնարավոր է տեղակայվեն կոնկրետ երկրների խաղաղապահներ, որոնց շուրջ կհամաձայնեն Հայաստանն ու Ադրբեջանը: Եվ հնարավոր է, որ կողմերը պայմանավորվեն ընդհանրապես խաղաղապահներ չտեղակայելու վերաբերյալ»,- ասել է Միրզազադեն:

«Ես կարծում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են յոլա գնալ նաեւ առանց խաղաղապահների, քանի որ նրանք երկար ժամանակ ապրել են խաղաղ: Բայց եթե խաղաղապահների հարցը լուծվի նրանց տեղակայման օգտին, ապա չեմ կարծում, թե նրանք երկար մնան այստեղ: Հայերն ու ադրբեջանցիները, վաղ թե ուշ ստիպված են լինելու ապրել նույն տարածքում, նույն պետության կազմում, նույն օրենքներով եւ կարծում եմ, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն, առանց միջնորդների»,- ընդգծել է նա: