Ազատենք իմ ծնողներին՝ Լեյլա եւ Արիֆ Յունուսին, Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիեւի ճանկերից: Այս մասին ֆրանսիական «Le Monde» թերթի իր հոդվածում գրել է Դինարա Յունուսը՝ ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանների դուստրը:

«Ծնողներս պատմաբաններ են, որոնք կյանքի 30 տարին նվիրել են մարդու իրավունքների պաշտպանությանը: Դեռեւս խորհրդային տարիներին նրանք Ադրբեջանում առաջին քաղբանտարկյալներից էին:

1995թ. մայրս ստեղծեց Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտը: Նրա հիմնական գործը դարձավ Ադրբեջանում քաղբանտարկյալների պաշտպանությունը՝ ձերբակալության ժամանակ եւ դատարանում մարդու իրավունքների խախտման մասին տվյալներով բանտարկյալների ցուցակների կազմման շնորհիվ: Ծնողներս ցանկանում էին, որպեսզի այդ մարդիկ ազատություն ու արդարություն ստանան:

Իսկ այժմ նրանք են անհեթեթ մեղադրանքով կալանքի ներքո: Մայրս ձերբակալվել է հուլիսի 30-ին, հայրս՝ օգոստոսի 5-ին: Ահա ինչ է մայրս գրել հորս ուղղված նամակում. «Մենք քեզ հետ շատ վեպեր ենք կարդացել քաղբանտարկյալների մասին, որոնք երկնքին նայել են բանտի ճաղերից: Այժմ ինքս միայն բանտի պատուհանից երկինք եմ նայում…»:

Մորս ձերբակալությանը ոչ ոք չէր սպասում, քանի որ նրա գործունեությունը ճանաչված է ամբողջ աշխարհում: Նա Ֆրանսիայում Պատվո լեգեոնի շքանշանակիր է, Գերմանիայում Թեոդոր Հաքերի մրցանակի դափնեկիր»,- գրել է Դինարա Յունուսը: