ԼՂՀ հակամարտության լուծման փաթեթը, որն առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, անհամատեղելի տարրեր է պարունակում, ուստի խնդրի լուծումը դեռեւս երկար տարիներ կպահանջի։ Հունիսի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նրա խոսքով, ինքը, որպես քաղաքագետ, հասկանում է, թե որքան էլ առաջարկվող փաթեթն իրատեսական չէ, այնուամենայնիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց առաջարկություններով փորձում են հակամարտող կողմերի միջեւ փոխզիջումային դաշտ ստեղծել։ «Այն  պարագայում, երբ Հայաստանը կտրականապես հրաժարվում է Ղարաբաղը որեւէ կարգավիճակով տեսնել Ադրբեջանի կազմում, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի, համանախագահները այլ բան չունեն, քան հանդես գալ առաջարկություններով, որոնք կարող են ինչ-որ կերպ լուծել հարցը, ինչ-որ գաղափարներ առաջարկել»,- նկատեց Բոզոյանը՝ միաժամանակ նշելով, որ համանախագահների կողմից արված որոշ առաջարկություններ ի սկզբանե մեռելածին են։

Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ ռազմական գործողությունները կսկսվեն միայն այն ժամանակ, երբ հակամարտող կողմերից մեկը համոզված լինի, որ պատերազմից դուրս է գալու հաղթանակով։ «Եթե այսօր պատերազմ չկա, դա ի շնորհիվ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի է»,- նշեց Բոզոյանը։

Նրա կարծիքով, հնարավոր պատերազմի պարագայում Ադրբեջանի հաղթանակը քիչ հավանական է։ «Այդ պատերազմը մեզ համար հայրենական պատերազմի նման է, այնինչ Ադրբեջանի համար դա ընդամենը տարածքի խնդիր է»,- շեշտեց քաղաքագետը՝ կարեւորելով, սակայն, այն հանգամանքը, որ տեղեկատվական ճակատում Ադրբեջանն ավելի ընդգրկուն եւ խելացի աշխատանք է տանում։ «Կցանկանայի, որ այս առումով մենք վերականգնեինք հավասարակշռությունը, որովհետեւ եթե մենք դիվանագիտական ճակատում բացթողումներ ունենք, դրանք կարող էինք չունենալ գոնե տեղեկատվական դաշտում»,- ավարտեց Բոզոյանը։