Մեծ Բրիտանիայի մուտքի արտոնագիր ստանալու ցանկություն ունեցողները օգոստոսի 23-ից իրենց դիմումները Հայաստանում պետք է ներկայացնեն առցանց (online) ռեժիմով: Նման որոշում է կայացրել Միացյալ Թագավորության Սահմանային գործակալությունը` Արտոնագրային համակարգի արդիականացման շրջանակներում:

Այդ օրվանից սկսած՝ առանց նախնական օր նշանակելու եւ առցանց (online) հայտաձեւի լրացման ոչ մի դիմում չի ընդունվելու:

Ըստ այդմ, առցանց դիմում ներկայացնողների կողմից կատարվող երեք հիմնական քայլերն են.

1. Լրացնել առցանց (online) դիմումը,

2. Հանդիպման օր ընտրել Երեւանում Բրիտանական դեսպանատանը՝ կենսաչափական տվյալները տրամադրելու համար: (էլեկտրոնային ձեւով դիմումը ներկայացնելուց հետո կտեսնեք հանդիպումների օրացույցը, որտեղ պետք է ընտրեք ձեզ հարմար օր եւ ժամ: Առցանց (online) գործընթացը ավարտելուց հետո կստանաք էլեկտրոնային նամակ՝ դիմումի նույնականացման (ID) համարով: Հարկ է հիշել այդ համարը։)

3. Ներկայանալ Բրիտանական դեսպանատուն նշանակված օրը՝ բերելով դիմումի տպված տարբերակը, անհրաժեշտ փաստաթղթերը, մուտքի արտոնագիր ստանալու միջնորդավճարը եւ 3x4 սմ չափի լուսանկար:

Դեսպանատունը խորհուրդ է տալիս դիմում ներկայացնել մեկնելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ: