Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքները ակտիվացնելու վերաբերյալ նախաձեռնության տակ ստորագրած 34 պատվիրակների մեծ մասը տեղյակ չեն ԼՂ հարցի էությանը։ Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգությունը» ներկայացնող Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով հունիսի 9-ին 34 պատվիրակների ստորագրությամբ ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունն ամրապնդելու» մասին գրավոր հայտարարությանը։
Ինչպես հայտնի է, հայկական պատվիրակությունը պատասխան հայտարարություն էր դրել շրջանառության մեջ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ պատասխանատվությամբ ու նպատակի հստակությամբ գործելու անհրաժեշտության մասին», որին միացել էին ԵԽԽՎ 56 պատվիրակներ։ Այս հայտարարության արդյունքում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաակտիվացման հարցը քվեարկության չդրվեց ԵԽ Բյուրոյում եւ հարցը տեղափոխվեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջան։ Զարուհի Փոստանջյանը 34 պատվիրակների ստորագրության փաստը բացատրում է հետեւյալ հանգամանքով. «ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, հավանաբար սկզբից Բյուրոյի անդամներին հորդորել է, որ այդ փաստաթղթի տակ նաեւ իրենք ստորագրեն, քանի որ, երբ Բյուրոյի անդամներն են ստորագրում, մնացած ստորագրություններն հավաքելը բավական հեշտ է լինում»,-նշեց Փաստանջյանը՝ միաժամանակ հավելելով, որ այն պատվիրակները, ովքեր նույնիսկ խնդրից տեղյակ չեն, երբ տեսնում են, որ առաջինը Բյուրոյի անդամն է ստորագրել, իրենք էլ են ստորագրում փաստաթղթի տակ։
«Ժառանգության» ներկայացուցիչը նշեց նաեւ, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում դժվար աշխատանք է սպասվում ՀՀ պատվիրակությանը, քանի որ աշնանային նստաշրջանում ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու է ազգությամբ թուրք մեկ այլ պաշտոնյա, ըստ ամենայնի, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։ «Թուրքիան այդ նստաշրջանում ունենալու է երկակի ազդեցություն»,-շեշտեց Փոստանջյանը՝ հավելելով, որ հայկական պատվիրակությունը քարոզչական լուրջ աշխատանք պետք է տանի՝ ենթահանձնաժողովի վերագործարկման հարցը չեզոքացնելու ուղղությամբ։ «Եթե պատվիրակությունը ունենա միասնական դիրքորոշում նման հարցերի վերաբերյալ, ապա չեմ կարծում, որ չկարողանանք հաղթահարել դժվարությունները»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։


























