Մադրիդյան սկզբունքները մեզ համար ստորացուցիչ են: Հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ հավելելով, որ իրենք բացարձակապես դեմ են այդ փաստաթղթին:

«Ոչ ոք իրավունք չունի այդպիսի փաստաթուղթ ստորագրելու: Կարող է այսօր ձայն չհանենք, բայց այդ փաստաթուղթը ստորագրելու դեպքում մեզնից ամեն բան սպասեք»,-ասաց նա: Ազատամարտիկի համոզմամբ, այսօր արցախյան հարցի լուծման գործում պետք է որդեգրել պատերազմի քաղաքականություն:

Հանդիպմանը ներկա, ազատամարտիկ Հակոբ Հակոբյանն էլ ասաց, որ Ադրբեջանին պետք է պատասխանել այնպես, ինչպես նա է վարվում:

Ազատամարտիկ Ջիվան Հակոբյանն էլ առաջարկեց հարցի լուծման իր տարբերակը:

«Մենք Ստրասբուրգում պետք է վերջնականապես նշենք, որ եթե Ադրբեջանը դարձյալ խախտի զինադադարի ռեժիմը կամ հարձակվի, լիարժեք պատասխան ենք տալու: Երկու գյուղ էլ մենք ենք վառում ու վերջանում է: Մինչեւ Քուռ գետը մաքրում ենք ադրբեջանցիներից եւ կյանքում նրանք գետից այս կողմ չեն անցնի»,-ասաց նա: Մեկ այլ ազատամարտիկ՝ Ռուբեն Հովհաննիսյանն էլ իր հերթին հավելեց. «Թուրքերը լավ են ճանաչում Արաբոյին եւ զոհված ամեն մի զինվորի համար կլինեն տասը, հարյուր զոհեր իրենցից»: