Հունիսի 29-ին Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել Դելփյան խաղերի «Հեռուստալրագրություն» անվանակարգի մրցույթի մրցանակաբաշխությունը: Այս անվանակարգում ներկայացված էին 4 զույգ (մեկական լրագրողով եւ օպերատորով), որոնցից 2-ը Հայաստանից էին, մեկը` Ռուսաստանից, մյուսը` Մոլդովայից: Մրցույթի առաջին փուլում մասնակիցները ներկայացրել են երկու ռեպորտաժ, որոնցից մեկը «Հայրենական պատերազմի վետերանները եւ երիտասարդությունը» թեմայով, իսկ մյուսը` իրադարձային թեմայով: Երկրորդ փուլում մասնակիցներին տրվել է երկու թեմա` «Երեւանը երիտասարդության քաղաք» եւ «Երեւան 65»:
Մրցանակաբաշխության արդյունքում «Հեռուստալրագրություն» անվանակարգի ոսկե մեդալն ստացել է ՌԴ-ն ներկայացնող զույգը, արծաթե մեդալը` Հայաստանը ներկայացնող զույգը, իսկ բրոնզե մեդալը` Մոլդովան ներկայացնող զույցը:
Ժյուրիի անդամ, ԵՊՀ դասախոս Լ. Ստեփանյանը նկատել է, որ 4 զույգերից միայն Ռուսաստանը ներկայացնող զույգն է, որ լրագրության ոլորտում աշխատանքային փորձ է ունեցել, դրա համար էլ նրանց աշխատանքը ավելի հաջող է եղել, իսկ մյուս մասնակիցները դեռ ուսանողներ են:
Նշենք, որ ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական «Դելփյան խաղերը» մեկնարկել է Հայաստանում՝ հունիսի 26-ին եւ շարունակվելու են մինչեւ հուլիսի 2-ը: «Դելփյան խաղերին» ընդհանուր առմամբ մասնակցում է 14 երկրների 550 ներկայացուցիչ: Բացի ԱՊՀ երկրներից՝ «Դելփյան խաղերին» մասնակցում են նաեւ պատվիրակություններ Վրաստանից, Լատվիայից, Էստոնիայից, Հնդկաստանից:


























